Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Դրանք մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Այս տարի տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: