Զարեհ Սինանյանը այցելեց Ախալցխա

Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ  փետրվարի 4-ին այցելեց Ախալցխա։ Առաջին ընդունելությունը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու մոտ էր, որտեղ կողմերը քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպմանը քննարկվել է նաեւ նահանգին առնչվող բազմաթիվ հարցեր, նախանշվել հետագա համագործակցության մի շարք ծրագրեր։

Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանում Ախալցխան ներկայացնող պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն և այլք։

Նահանգապետարանից Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոց, որտեղ հանդիպեց դպրոցի տնօրինությանը եւ աշակերտներին։

Հաջորդ այցը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր, որտեղ պատվիրակության անդամները հանդիպեցին հոգեւորականներին եւ եկեղեցու հավատացյալներին։ Հյուրերը այցելեցին նաեւ եկեղեցուն կից գործող կրթամշակությային կենտրոն։

Եկեղեցուց հյուրերը ուղեւորվեցին Ախալցխայի քաղաքապետարան, որտեղ հանդիպեցին Ախալցխայի շրջանի հայության հետ։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրեց իր այցելության նպատակը եւ հետագա ծրագրերը։ Ժողովուրդը հնարավորություն ունեցավ բարձրաձայնելու մի շարք խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն Ախալցխայում եւ Սամցխե-Ջավախքի նահանգում։ Մասնավորապես խոսեց կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական, իրավական եւ այլ տեսակի խնդիրների մասին։

Հյուրերի հաջորդ կանգառը Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնն էր, որտեղ Զարեհ Սինանյանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնում, ինչպես նաեւ Ախալցխայի ժողովրդավարության ներգրավվածության կենտրոնում, հյուրերը ծանոթացան մի շարք խնդիրների, որոնք հուզում են ինչպես Ախալցխայի հայությանը այնպես էլ Սամցխե-Ջավախքի հայությանը։

Հյուրերի վերջին կանգառը Ծուղրութ գյուղն էր, որտեղ հյուրերին ներկայացվեց 10-րդ դարի եզակի պահպանված ավետարանը։