Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից

Հազարամյակներով հայ եւ վրաց ժողովուրդները ապրել ու արարել են իրար կողք-կողքի ձեւավորելով առանձին մշակույթ, պատմություն ու սովորույթներ։ Դարերով այս ժողովուրդների կողմից ձեւավորված մշակույթով հարստացել ու հարստանում է համաշխարհային մշակույթը։ Անգնահատելի մեծ է հայ եւ վրաց ժողովրդի դերը համաշխարհային պատմության մեջ։ Այս երկու ազգերը աշխարհին տվել են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ եւ գիտնականներ գիտության տարբեր ասպարեզներում։ Ցանկության պարագայում կարելի է անվերջ թվարկել մարդկային քանակությամբ փոքր, բայց նույն ժամանակ երկու մեծ ժողովուրդների արժանիքները, սակայն սահմանափակվենք այսքանով եւ հասկանանք, թե որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում եւ ամենակարեւորը՝ որն է մեր ապագան։

Նման մեծ ու գեղեցիկ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդները ապրելով իրար կողք-կողքի մշտապես մտածել են, թե որն է ամենալավը, ամենախելացին, ամենամշակութայինը, ամենապատմականը եւ ամենա-ամենան։ Ու դա շատ բնական է, քանզի լինելով փոքրիկ ժողովուրդներ, բայց նույն ժամանակ մեծ ազգեր իրենց համար կարեւոր է մրցել միմյանց հետ։ Հիշենք նույնիսկ «Միմինո» ֆիլմը, որտեղ ամենալավն է արտացոլում վերոնշյալ երեւույթը։ Եթե հային հարցնես իր պատմությունից, մշակույթից ու լեզվից ապա նա կասի, որ իրենը ամենալավն է տարածաշրջանում ու նույնիսկ աշխարհում։ Հետաքրքրական է, բայց եթե վրացուն հարցնես նա եւս կասի նույնը, որ իրենցն է ամենալավը։

Ում պատմությունն է ավելի հին եւ ում ճաշատեսակներն են ավելի համեղ, այս հարցերը հուզել եւ հուզում են երկու հարեւան ժողովուրդներին միշտ։ Սակայն, այստեղ կա մեկ կարեւոր պահ, որը թե հայերը եւ թե վրացիները իրենց այսպես կոչված «վեճերում» հաշվի չեն առել։ Հաշվի չեն առել այն, որ իրենց հարեւան ժողովուրդները երկու ազգերի միամիտ ընկերական վեճերին տալու էին քաղաքական բնույթ եւ օգնելու դրանք դարձնել իսկական վեճեր։ Այդպես էր XX դարի սկզբին ու այդպես է նաեւ հիմա։ Գործը հասել է դրան, որ եթե դեռ մի երկու դար առաջ վրացիները հպարտանում էին, որ հայերը մեծ դերակատարություն են ունեցել Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսի կառուցման ու զագացման գործում, ապա այսօր ամեն կերպ մոռացության են մատնում այդ փաստը։ Դա է պատճառը, որ Թբիլիսիի սրտում գտնվող բազմաթիվ պատմական հուշարձաններ այսօր խոնարհված են եւ գտնվում են ոչնչացման եզրին։ Մյուս կողմից, եթե նայես վրաց հասարակությանը, ապա այն չափազանց նեղված է Աբխազիայում Բաղրամյանի անվան գումարտակի ռազմական գործողություններից ընդդեմ Վրաստանի։ Իհարկե, եթե վիճես կարելի է վիճել թե պատմական հուշարձանների եւ թե Բաղրամյանի անվան գումարտակի գործողությունների շուրջ եւ երկու կողմերն էլ անկասկած կգտնեն բազմաթիվ փաստարկներ ու հակափաստարկներ արդարացնելու իրենց գործողությունները, սակայն պետք է հասկանալ, որ այս վերքերը շատ փոքր ոչ մահացու վերքեր են, որոնք կարող են ու պետք է բուժվեն եւ ոչ թե փակվեն ու նեխելով վերածվեն կործանարար գանգրենայի։ Անկասկած պետք է լուծում գտնեն նաեւ ջավախքահայությանը հուզող բազմաթիվ խնդիրներ, որպեսզի եղբայրական հարաբերությունների մեջ չմնան չլուծված խնդիրներ։ Միշտ կրկնել թե հայ-վրացական հարաբերություններում չկան չլուծվող խնդիրներ, դա նշանակում է դատարկաբանությամբ զբաղվել ու ավելի խորացնել խնդիրները, որոնք կուտակվել են ու կուտակման բնույթ ունեն նաեւ այսօր։

Հակահայկական տրամադրությունները Վրաստանում կործանարար են ոչ միայն Վրաստանի այլ նաեւ Հայաստանի համար, քանզի այս երկու ազգերը իրար միացրած քանակական առումով մեկ մահմեդական Ադրբեջան էլ չկան, որն էլ իր հերթին տաս անգամ փոքր է մեր մյուս հարեւան Թուրքիայից, էլ չենք խոսում Դաղստանի, Չեչնիայի կամ Հայաստանի հարավային հարեւան Իրանի մասին։ Վերոնշյալ երկրների բնակչության  թիվը հանգիստ գերազանցում է հարյուր հիսուն միլիոնը։ Իսկ որտե՞ղ ենք մենք այս մարդկային օվկիանոսում։ Արդյոք նայե՞լ ենք քարտեզին։

Այսօրվա Վրաստանը հրաշալի զգում է իր իսկ ներսում առաջացած դեմոգրաֆիկ խնդիրը։ Այն ավելի է սաստկանում տարեց-տարի նաեւ թուրք-ադրբեջանական կապիտալի ազդեցության աճի շնորհիվ, որի արդյունքում Վրաստանը աննախադեպ կախվածության մեջ է ընկել այս երկրներից։ Այս իրավիճակում թե Հայաստանի ու թե Վրաստանի միակ հնարավոր փրկությունը կայանում է նրանում, որ երկու երկրների հարաբերությունները ի վերջո դուրս գան զգացմունքային ասպարեզից եւ դառնան իսկական եղբայրական ու ամենակարեւորը՝ ռազմավարական։ Անիմաստ նախանձը ու դատարկ մրցակցությունը անկիրթ ատելության հետ մեկ տեղ կործանարար ազդեցություն ունեն մեր քրիստոնեական արժեհամակարգի վրա։ Ժամանակն է հեղափոխական փոփոխություններ մտցնելու երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունների մեջ։ Ժամանակն է առաջնորդվել «երկու ազգ մեկ քրիստոնյա ժողովուրդ» սկզբունքով։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան