Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել բլոգեր Ալեքսանդր Լապշինին

Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվում բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու փորձերից։

Համապատասխան գրառումները Լապշինն արել է Ֆեյսբուքի իր էջում։

«Ժողովուրդ, պատմում եմ, թե ինչ է տեղի ունենում ինձ հետ։ Հայաստանի ԶԼՄ-ները դեռ երեկ հրապարակեցին եւ հեռուստատեսությամբ ցույց տվեցին իմ խոսքերը, որտեղ ես պատմում եմ ինձ ձերբակալելու Բաքվի փորձի մասին Մերձբալթիկայում։ Այժմ պատմեմ մի փոքր ավելի մանրամասն։

Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին առեւանգվեց ադրբեջանցի թալիշ, բլոգեր Էլվին Իսաեւը Կիեւից եւ հասցվեց Բաքու՝ շրջանցելով ուկրաինական սահմանապահ հսկողությունը։ Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ժխտում է նրան Ադրբեջանին հանձնելու փաստը, այնպես որ սկանդալը խոստանում է լուրջ լինել։ Բայց իմ իրավիճակն Իսաեւի հետ կապված է միայն շատ հեռավոր կերպով։ Ես նրան անձամբ ծանոթ չեմ, մենք ընկերներ չենք, եւ միակ բանը, որ կապում է մեզ, կարճ գրագրությունն է այն թեմայով, թե որտեղ է ավելի լավ, որ նա գաղթի Ռուսաստանից անվտանգության համար։ Եվ ահա, այդ օրը Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը փորձեց առեւանգել ոչ միայն Իսաեւին Կիեւում, այլեւ ինձ Ռիգայում։

Իսաեւի առեւանգման օրը՝ դեկտեմբերի 12-ին,  ես Լոնդոնում էի եւ գնում է օդանավակայան, որ թռչեմ Վիլնյուս ու այնտեղից էլ Ռիգա։ Ինձ զանգահարեցին մարդիկ եւ ասացին, որ պետք է շփվել մինչեւ ինքնաթիռ նստելս։ Վերջին անգամ ես այդ մարդկանց հետ շփվել էի ուղիղ երկու տարի առաջ։ Արդեն Լիվերպուլ սթրիթի կայարանում էի, ստիպված բաց թողեցի օդանավակայան տանող իմ գնացքը։ Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Մերձբալթիկայի մի շարք երկրներ ու էլի մի երկու երկիր է ուղարկել հարցապնդում իմ կալանքի մասին։ Ոչ թե Ինտերպոլի, այլ հատուկ ծառայությունների միջեւ տեղեկատվության ներքին փոխանակման գծով։ Ինձ ասացին, որ իմ խնդիրը զգույշ լինելն է, եւ ցանկալի է, որ չեղարկեմ բոլոր պլաններս ու չգնամ Լատվիա եւ Լիտվա, որտեղ ուժեղ են կոռուպցիոն կապերն Ադրբեջանի հետ։ Հարցումը չի պարտավորեցնում այդ երկրների իշխանություններին ձերբակալել ինձ, բայց նրանք պետք է Բաքվին տեղեկություն տան իմ ելք ու մուտքերի մասին, իսկ նրանք արդեն, եթե որոշեն ձերբակալել, պետք է Ինտերպոլի միջոցով պաշտոնական հարցապնդում ներկայացնեն։  Այլ խոսքով՝ Եվրոպան Ուկրաինա չէ, որտեղ կարելի է պարզապես բռնել մարդուն եւ նույն օրը ուղարկել Բաքու։ Բայց կոռուպցիա նույնպես կա, եւ դա կարեւոր է հիշել։

Այնուամենայնիվ, ես լսեցի խորհուրդը եւ, միեւնույն է, թռա Մերձբալթիկա։ Բայց ես ստիպված էի հրաժարվել իմ մասնակցությունից Ռիգայում երեկ՝ դեկտեմեբրի 15-ի զբոսաշրջային համաժողովից։ Ինձ նախապես ասել էին, որ մեծ հավանականությամբ Ադրբեջանի դեսպանությունը Ռիգայում այնտեղ կուղարկի մարդիկ մոնիթորինգի համար։ Նրանք ուղարկել էին երկուսին, որոնք ներս չէին մտել ու կանգնած էին մուտքից ոչ հեռու, ձախ կողմից։ Այդ մարդիկ նկարահանվել են Mercury Riga հյուրանոցի տեսախցիկներով, եւ եթե ինձ թույլ տան վերցնել տեսանյութը, կտեղադրեմ, որ բոլորը տեսնեն։ Հյուրանոցից երկու փողոց հեռու կայանել էր մի ավտոմեքենա, որը հայտարարված է, որ գողացված է։ Հավանաբար, որպեսզի ինձ դրանով տանեին։ Ինչպես հասկանում եք, այս տեսագրությունները ես չունեմ, եւ այս ամենն իմացել եմ պոստֆակտում։ Ովքեր են այդ մարդիկ՝ դեսպանության աշխատակիցներ, թե տեղի ադրբեջանական համայնքի ակտիվիստներ, ես չգիտեմ։ Կարծում եմ, նրանց, ում պետք է՝ կիմանան։

Ոչ մի այլ տեղեկություն ես չունեմ։ Այն, ինչ կասեմ այսուհետեւ, իմ անձնական ենթադրություններն են։ Եվ այսպես, իմ կարծիքով, Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հասկանում է, որ իմաստ չունի իմ հետախուզումը հայտարարել Ինտերպոլով։ Առնվազն երեք պետություն եւ մի քանի խոշոր հասարակական կազմակերպություններ լրջորեն շահագրգռված են, որպեսզի ես հայտնվեմ Բաքվում, եւ եթե հարցապնդումը հայտնվի տվյալների շտեմարանում, ինձ այդ մասին հաշված ժամերում կտեղեկացնեն։ Նաեւ, դատ է ընթանում ՄԻԵԴ-ում Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ մահափորձի մեղադրանքով, ինչը խիստ նվազեցնում է ինձ հանձնելու շանսերը, անգամ եթե ինձ ինչ-որ տեղ բռնեն։ Բացի այդ, ես անցած տարվա մարտին անձամբ եղել եմ Լիոնի Ինտերպոլի գլխավոր կոմիսարիատում, եւ նրանք տեղյակ են իմ մասին։ Ի՞նչ են մտածել ադրբեջանցիները։ Նրանք որոշել են աշխատել այլ խողովակով, ներքին հարցապնդումներով։ Այդ հարցապնդումները չեն երեւում Ինտերպոլի բազայում։ Նրանք հասկանում են, որ անգամ ներքին հարցապնդումները չեն երաշխավորում ոչ ձերբակալությունը, ոչ հետագա հանձնումը։ Բայց նրանք ռմբակոծում են հարցապնդումներով մի երկիրը մյուսի հետեւից՝ հույս ունենալով, որ եթե ինչ-որ պահի այնտեղ հայտնվեմ, որտեղ իրենք ազդեցություն ու կոռուպցիոն կապեր ունեն, այնտեղ էլ կձերբակալեն կամ կառեւանգեն։

ԱՄՓՈՓՈՒՄ

Լոնդոնում ինձ հարց տվեցին՝ «Ինչո՞ւ եմ ես նրանց պետք։ Նրանք այդքան օպերատիվ ռեսուրսներ են ծախսում քեզ հետ պայքարում», եւ ես չգիտեի ինչ պատասխանել։ Քանի որ Բաքվի համար ոչ մի սպառնալիք եւ օպերատիվ հետաքրքրություն չեմ ներկայացնում։ Ես ենթադրեցի, որ ինչ-որ խորապես անձնական բան կա Ալիեւից։ Նրանք ոչինչ չպատասխանեցին։

Առայժմ վերջ»։