«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Հանգանակվել է 9.856.100 դոլար։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որեւէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ եւ կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինեւ Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարեւոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային եւ մարտահրավեր նետեք եւս երեք հայի»,-ասել էր վարչապետը:

Նա նաեւ հավելել էր, որ ստեղծման օրից «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 635 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, 970 ընտանիքների համար բնակարաններ են կառուցվել, ինչպես նաեւ 585 կմ՝ ջրագիծ, 364 կառուցված, վերանորոգված, կամ վերակառուցված դպրոց, 75 կառուցված կամ նորոգված բուժհաստատություն, 59 մշակութային եւ սպորտային կենտրոն, 29 համայնքային կենտրոն, 115 ջերմոց, 173 կրթական, գիտական եւ մշակութային ծրագիր է իրականացվել։

Աղբյուր`news.am