Բաց նամակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային

Մեծարգո պարոն վարչապետ Գիորգի ԳաԽարիա, այս տարվա հունիսի 2-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում Սփյուռքի Միասնության հարթակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թելեթոն-դրամահավաք, որի նպատակն էր աջակցել Սամցխե-Ջավախքում բնակվող մեր հայրենակիցներին ու հատկապես երիտասարդներին ունենալու իրենց մարզամշակութային կենտրոնը։ Ծրագրի գաղափարը առաջացել էր զուտ հումանիտար սկզբունքներից ելնելով ու կոնկրետ այն ժամանակ, երբ Ախալցխա քաղաքում փակվեց հայկական դպրոցին կից գործող բռնցքամարտի սրահը, որը բազմաթիվ լավ մարզիկներ էր նվիրել Վրաստանին։ Դրանից բացի մեր կազմակերպած դրամահավաքի նպատակներից մեկն էլ այն էր, որ երիտասարդների համար ստեղծել մշակութային խմբակ, որպեսզի նրանք մոտ լինեն իրենց էթնիկ մշակույթին եւ միաժամանակ ավելի լավ ճանաչեն Վրաստանի մշակույթը։

Մեծարգո պարոն վարչապետ, մենք համոզված ենք, որ Վրաստանը որպես ժողովրդավարական ու բարձր համամարդկային արժեքներ կրող երկիր ոչ միայն պետք է թույլ տա իր իսկ քաղաքացիների նպատակների համար նման ծրագրի իրագործումը, այլ նաեւ պետք է աջակցի տվյալ ծրագրի իրականացմանը։ Այս իմաստով մեզ համար անհասկանալի եղավ մեկ ցավալի փաստ, որը տեղի ունեցավ այս տարվա հունիսի 30-ին Թբիլիսիի օդանավակայանում, երբ արմատներով Ախալցխացի Էդուարդ Էնֆիաջանին արգելեցին մուտք գործել Վրաստան եւ այցելել իր պապերի շիրիմին։ Էդուարդ Էնֆիաջանը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում հունիսի 2-ին տեղի ունեցած դրամահավաքի հիմնական նախաձեռնողներից մեկն էր հանդիսանում եւ նրա մուտքի արգելքը Վրաստան մեր կարծիքով ուղղիղ կապ ունի դրամահավաքի հետ, ինչից ելնելով մենք ենթադրում ենք, որ Վրաստանի իշխանությունները սխալ տեղեկացված լինելու պատճառով խոչընդոտում են մարզամշակութային կենտրոնի կառուցման ծրագրին։

Այս ամենից ելնելով մենք մեկ անգամ ես ուզում ենք նշել, որ վերոնշյալ ծրագիրը բաց եւ թափանցիկ ծրագիր է, որը ծառայելու է Վրաստանի քաղաքացիների շահերին եւ սրանում չի կարելի փնտրել որեւե դավադրություն։ Հույսով ենք այս նամակը կարժանանա Ձեր ուշադրությանը եւ մենք միասին համագործակցաբար ոչ միայն կվերացնենք թյուրընբռնման միջոցով առաջացած խոչընդոտները, այլ համատեղ ջանքերով կյանքի կկոչենք այս հրաշալի ծրագիրը, որը ուղղված է երիտասարդների մարզամշակությային զարգացումը ապահովվելու գործին։

 

Սփյուռքի Միասնության Հարթակ
ԱՄՆ, Լոս Անջելես-Գելենդել