Շիրակ Թորոսյանի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովում Ջավախքում կազինոների և ստվերային հասարակաց տների գոյության անթույլատրելի երևույթի մասին

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի տխուր երևույթի վրա, որը վերջին շրջանում օրեցօր նոր թափ է հավաքում Ջավախքում և դրա մասին խոսվում է նաև ԶԼՄ-ներում: Խոսքս տարատեսակ խաղատների, այսպես կոչված, կազինոների մասին է, որոնք սնկի նման աճում են Ախալքալակում: Այս կազինոների հիմնական հաճախորդները հարևան Արդահանի շրջանի թուրքերն են և երիտասարդ ջավախքցիները, ովքեր հիմնականում գնում են խոպան, այսինքն արտագնա աշխատանքի և, աշնանը վերադառնալուց դեռ տուն չմտած, շտապում են կազինո և որպես կանոն քամուն են տալիս դառը քրտինքով դատած գումարները, որոնք այնքան անհրաժեշտ են իրենց ընտանիքներին՝ ձմռան տակից դուրս գալու համար: Կարծում եմ այստեղ լուրջ անելիք ունեն Վրաստանի կենտրոնական և Ջավախքի տեղական իշխանությունները՝ դադարեցնելու խաղատների թույլտվությունների տրամադրումը, և աստիճանաբար դրանք փակելով ու վերացնելով, այդ նույն գործարարներին նույնքան դյուրին ճանապարհով հնարավորություններ ընձեռել նոր, ավելի օգտակար բիզնեսներ հիմնադրելու և աշխատատեղեր ստեղծելու համար: Չէ՞ որ Սամցխե-Ջավախքի նահանգն ունի էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրության և վերամշակման, զբոսաշրջության, այդ թվում նաև ձմեռային զբոսաշրջության և այլ ոլորտների նշանակալի ռեսուրսներ:

Եվս մեկ տխուր երևույթի մասին եմ ուզում խոսել: Ջավախքից մեզ հասնում են ահազանգեր, որ տարածաշրջանում հյուրանոցների անվան տակ գործում են ստվերային հասարակաց տներ, որոնց հաճախորդները բացառապես հարևան

Թուրքիայի՝ Վրաստանին սահմանակից շրջանների բնակիրչներն են: Ավանդապաշտ Ջավախքի պատվախնդիր կանայք ու տղամարդիկ ամոթից գետինն են մտնում միայն այն մտքի համար, որ իրենց միջավայրում կարող են նման մերժելի և արգահատելի երևույթներ լինել:

Սիրելի հայրենակիցներ, առաջին հայացքից կարող է թվալ, թե իմ կողմից բարձրացված հարցերն ունեն կենցաղային բնույթ և հանդիսանում են Վրաստանի ներքին խնդիրները, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում վերոնշյալ չարաբաստիկ իրողությունները՝ այն է թուրքական տարրի ակտիվացումը Ջավախքում և տեղացի երիտասարդների խաղամոլության խրախուսումը, էապես նպաստում են տարածաշրջանի հայաթափմանը, իսկ սա արդեն ռազմավարական խնդիր է Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային աշխարհաքաղաքական ընդհանուր շահերի տիրույթում:

Դա Վրաստանի նախորդ իշխանությունների հակահայ և թուրքանպաստ քաղաքականության հետևանքն է, որը պետք է արմատախիլ արվի:

Ջավախքում ամեն մի կազինոյով կամ հասարակաց տնով նոր հնարարավորություն է ստեղծվում պանթյուրքիզմի տարածման համար, որը համաշխարհային չարիք է և բոլոր ժամանակներում քաղաքակիրթ աշխարհը պայքարել է դրա դեմ: Իմ համոզմամբ զուտ աշխարհագրական առումով այդ պայքարի ծանր և պատասխանատու բեռը դրված է Հայաստանի և Վրաստանի միասնական ներուժի վրա:

Ուստի, առաջարկում եմ Հայաստանի և Վրաստանի իշխանություններին երկկողմ օրակարգի մեջ ընդգրկել վերոնշյալ հարցերը և շուտափույթ լուծում տալ դրանց: Դա կարող է դառնալ նաև ապացույցն այն բանի, որ ներկայիս հայ- վրացական հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են:

Որպես հետգրություն նշեմ , որ անցյալ տարվա մայիսին վարչապետ Փաշինյանի Վրաստան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կառուցվում է և շուտով շահագործման կհանձնվի չափազանց կարևոր Նինոծմինդա-Բավրա ճանապարհը: Այ այսպես պետք է դրսևորվի Հայ-Վրացական իսկական բարեկամությունը: