Թուրքիան փորձում է «ձեռքը վերցնել» Նախիջեւանը վարձու ահաբեկիչների օգնությամբ

Թուրքիան Նախիջեւանի զավթման ակտիվ քաղաքականություն է վարում։ Դա արվում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ զուտ ռազմական հարթությունում՝ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների տեսքով։

Քաղաքականությունն այնքան բացահայտ է տարվում, որ անգամ թուրքական թերթերում հրապարակվող քարտեզներում Նախիջեւանը ներկված է Թուրքիայի գույնով։ Ինքնավարությունում տեղակայված 20 հազարանոց առանձին համազորային բանակի հրամանատարական կազմում գերակշռում են թուրքական ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները, իսկ զինվորական ստորաբաժանումները Թուրքիայից մշտական հյուրեր են ամեն տեսակ զորավարժություններում, որոնց ինտենսիվությունը, ինչպես եւ մարտական պատրաստվածությունն ընդհանրապես, վերջին ժամանակներս նկատելիորեն բարձրացել է։ Նախիջեւանում տեղակայված բանակը սպառազինվում է արտասահմանից գնվող նորագույն զենքերով, այդ թվում թուրքական Kasirga 302 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, որոնք մինչեւ 120 կիլոմետր հեռահարություն ունեն։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ինքնավար հանրապետության տարածքը կարող է դառնալ ոստնակ դեպի Անդրկովկաս եւ Միջին Ասիա թուրքական «թռիչքի» համար։

Նախիջեւանում չափից ավելի ակտիվությունն արդարացնելու եւ շահագրգիռ կողմերի ուշադրությունն իր իսկական մտադրություններից շեղելու համար թուրքական քարոզչությունն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում, ընդ որում՝ իր նպատակների համար օգտագործում է ադրբեջանական մամուլը։ Օրինակ, հունիսի 5-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվեց թուրք լրագրող Սայգա Օզթյուրքի «Իգդիրում ադրբեջանական բեռնատարի վրա գրոհի հետեւում Հայաստանն էր» վերնագրով հոդվածը։ Լրագրողը փորձում է համոզել ադրբեջանական հասարակությանն այն բանում, թե որքան կարեւոր է Թուրքիայի դերը ՆԻՀ անվտանգության ապահովման գործում։ Թուրքիան եւ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում են տեղեկատվական արտահոսքերն ինչ-որ առասպելական «քրդական ճամբարների» մասին Հայաստանում եւ Ղարաբաղում։ Ապատեղեկատվության տարածողներին քիչ է հուզում այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները, որոնք կանոնավորապես այցելում են Հայաստան եւ Արցախ, իրենց զեկույցներում ոչ մի անգամ չեն հիշատակել նման որեւէ բանի մասին։

Թուրքական ծավալապաշտության ռազմական բաղադրիչին գումարվում է նաեւ տնտեսական գործոնը։ Դեռեւս 2017-ի ամռանը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ստեղծել ազատ տնտեսական գոտի Նախիջեւանում։ Ինքնավար հանրապետության եւ մետրոպոլիայի միջեւ ընդհանուր սահմանների բացակայությունը հարեւան Թուրքիային եզակի հնարավորություն է տալիս ամրացնել իր դիրքերը երկրամասի տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում։

Մինչդեռ, փաստերը վկայում են այն մասին, որ հենց Ադրբեջանի քաղաքացիներն են ֆինանսական միջոցների տարբեր ուղիներով ապահովում մատակարարումը, որոնք ստացվել են մյուս երկրների ահաբեկչական խմբավորումների բջիջներից:

Ընդհանուր առմամբ, վերոնշյալ անձինք տարբեր ուղիներով ապահովում են Սիրիայում զինված հակամարտությանը մասնակցող  անդամներին ավելի քան 500 հազար դոլար արժողության մատակարարումը:

Մասնագետների կարծիքով՝ Ադրբեջանում զորավարժությունների քողի տակ հնարավոր է վարձու ահաբեկիչների լրացուցիչ ուժերի տեղակայում Արցախի հետ շփման գծի մոտ:

Հենց այդտեղ կարող են գործարկվել Մերձավոր Արեւելքից տեղափոխված ահաբեկչական խմբավորումները:

Սա թույլ կտա Բաքվին նվազեցնել ԶՈւ անձնակազմում կորուստները: Ընդ որում՝ Իդլիբում խնդիրներին ի պատասխան թուրքերը կարող են ակտիվացնել Անդրկովկասում մարտական գործողությունները:

Սակայն Ադրբեջանի իշխանությունների վրիպումն այն է, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Եվ այդ ժամանակ Ադրբեջանի ամբողջ տարածքը կվերածվի ահաբեկիչների որջի: Փաստացի, բարեկամության եւ եղբայրության հայտարարությունների հետեւում թաքնված է Նախիջեւանը «ձեռքը վերցնելու» Անկարայի ձգտումը,  իսկ հնարավորության դեպքում նաեւ ամբողջ եղբայրական Ադրբեջանը՝ այդ նպատակով օգտագործելով վարձու ահաբեկիչներին:

 

Րաֆֆի Սամվելյան

news.am