Ախալցխայի շրջանում մեծ շուքով նշեցին Վարդավառը

Հուլիսի 28-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում էր մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Վարդավառը։

Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը Սբ․ Պատարագ մատուցեց Ծուղրութ գյուղի վերնամասում գտնվող «Մայր Մատուռում»։ Հոգեշնորհ Հայր Սուրբը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և ներկաներին շնորհավորեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Պատարագի ավարտին Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր նաև համերգային ծրագիր, որին մասնակցում էին Ախալցխայի և հարակից շրջանների բոլոր պարային համույթները։

Ախալցխայի Հոգևոր Տեսչության բարերար՝ Մանվել Թորոսյանի հովանավորությամբ տրամադրվեց 12 տրամսպորտային միջոցներ, որոնք անվճար սպասարկեցին հավատացյալ ժողովրդին։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները։