Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը

Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման:

Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաև Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով:

Որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ ակտիվացնում է իր ավանդական «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը: Իր հերթին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը լարումներ է ստեղծում Վրաստանի դեմ և սպասում է, թե երբ է այն ներքուստ թուլանալու, որպեսզի ձեռնամուխ լինի ծավալման հաջորդ փուլին:

Մոսկվան որպես Վրաստանում իր «բաժանիր, որ տիրես» քաղաքականության հիմնական ռեսուրս է դիտում Ջավախքի հայությանը:
Ցավով պետք է նշել, որ դրա համար էապես նպաստավոր պայմաններ է ստեղծում Ջավախքի հայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների ազգայնական քաղաքականությունը:

Արդար լինելու համար նաև չի կարելի անտեսել, որ Ջավախքի հայության շրջանում տարածված ռուսական կողմնորոշումը զգալի չափով ազդում է նրա նկատմամբ Վրաստանի իշխանությունների բացասական վերաբերմունքի վրա:

Նշված լուրջ պրոբլեմներով հանդերձ, առնվազն ներկայումս հայ-վրացական ռազմավարական շահերը համընկնում են:

Ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու և թուրք-ադրբեջանական ծավալումը չեզոքացնելու հարցերում, ինչպես նաև տարածաշրջանում թափ հավաքող փոթորկալի զարգացումներում հնարավորինս միասնաբար հանդես գալը Հայաստանի ու Վրաստանի գոյության և բարգավաճման անփոխարինելի երաշխիքներից մեկն է:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և ակամա չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք ու չնպաստել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ծրագրերին:

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

24 հունիսի 2019 թ. Երևան