Ճիշտ կլիներ Եռատոն նշեին. Էդուարդ Այվազյանը՝ «Անմահ գնդի» երթի մասին

Aliq.ge-«Անմահ գունդ» համառուսական շարժումը ծրագրում է վաղը՝ մայիսի 9-ին  Վրաստանի մեծ ու փոքր քաղաքներում, այդ թվում նաև Ախալքալաքիում և Նինոծմինդայում երթ անցկացնել: 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի ղեկավարն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց, որ նպատակահարմար չի տեսնում այդ ակցիայի անցկացումը Ջավախքում, քանի որ այն ասոցացվում է Վրաստանում և մի շարք այլ երկրներում ռուսական  քարոզչության հետ, չի բխում Ջավախքի հայի ազգային շահերից եւ վնասելու է խնդիրների լուծմանը. «Վրացական մամուլը, հասարակական կազմակերպությունները, իշխանություններն առանց այն էլ՝ գտնում են, որ Ջավախքում ակտիվ ռուսամետ քարոզչություն է ընթանում, ու սխալ կլինի նման ակցիա կազմակերպել: Մյուս կողմից՝ այդ օրը Վրաստանում ևս տոն է, մենք հարգում ենք մեր նախնիների հիշատակը, հիշատակի արարողություններ, իհարկե, պետք է անցկացնել, բայց ոչ ռուսական լոզունգի ներքո: Լավ կլիներ՝ Եռատոն նշեին ու մեր հերոսներին հիշատակեին»,- ասաց Էդուարդ Այվազյանը:

Նինոծմինդայի  քաղաքապետարանը տեղեկացված է ակցիայի մասին, բայց կազմակերպիչներն են անհայտ, պաշտոնական նամակ են ուղարկել, որում գրված է, որ երթ է լինելու դեպի քաղաքի երկու հուշարձաններ՝ մեկը քաղաքային այգում, մյուսը՝ Խոջաբեկ թաղամասում.  «Մենք տեղյակ ենք, որ ակցիա է անցկացվելու, նամակի ձևով ենք ստացել, բայց կազմակերպիչների մասին ոչինչ չգիտենք, Սլավոնական ժողովուրդների ազգային կոնգրեսի անունից է նամակը, նաև օրենքի կետերն են մեջբերված, որ Խորհրդային սիմվոլիկան արգելված է, ու չի լինելու»,- տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն ու նաև ասաց, որ  ոչ մի վատ բան չի տեսնում ու չի բացառում, որ իրենք ևս միանան ակցիային, եթե ժամը համընկնի:

Նինոծմինդայում տոնական միջոցառումները մեկնարկելու են ժամը 12-ին:

Ակցիայի կազմակերպիչներից միայն մեկի հետ կապ հաստատել հաջողվեց, բայց նա մեզ հորդորեց հարցերն ուղղել գրավոր՝ պաշտոնական նամակի տեսքով:

Հիշեցնենք, որ վաղը Թբիլիսիում անցկացվելու է «Անմահ գնդի» զուգահեռ ակցիան՝ «Ո՛չ Պուտինի մարշին» խորագրով: Կազմակերպիչների կարծիքով՝ «Անմահ գունդը» Պուտինի քարոզչական ռեժիմի ծրագիրն է, Կրեմլը համագործակցային ուժերը ամրապնդում է այնտեղ, որտեղ Մոսկվան շահեր ունի: Նրանք հորդորում են բոլորին առավոտյան հավաքվել Թբիլիսիի Ճավճավաձե փողոցում ու մասնակցել երթին:

 

ՀԵՂԻՆԱԿ` ԱՆՆԱ ՊԵՉԵՆԵՒՍԿԱՅԱ

Ալիք Մեդիա