Բուրալում մեծ տոնակատարությամբ նշվեց Սբ․ Գեւորգի ժողովրդական տոնը

Մայիսի 6-ին Բուրալ կոչվող վայրում կազմակերպվել էր մեծ տոնախմբություն նվիրված Սբ․ Գեւորգ զորավարի ժողովրդական տոնին։ Միջոցառումը մեկնարկեց Սբ․ Գեւորգի պատվին կանգնեցված մատուռում տեղի ունեցած Պատարագից հետո։ Տոնախմբության կազմակերպողը Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանն էր։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Ախալցխայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը, Նինոծմինդայի հոգեւոր հովիվ  Տեր Արմաշ քահանա Պողոսյանը եւ Բաթումիի հոգեւոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը մի խումբ ուխտավորների հետ միասին։ Ժողովրդական տոնախմբությանը մասնակցում էին մարդիկ Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից։

Միջոցառման ընթացքում Ախալցխայի կրթամշկութային կենտրոնների երգի ու պարի խմբերը հանդես եկան գեղեցիկ կատարումներով։ Համերգային ծրագիրը շարունակեցին գյուղերի երգի ու պարի պարային խմբակները։ Տոնախմբությանը մասնակցում էր նաեւ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի պարային խումբը։

Համերգային մասից բացի ներկա ժողովրդի եւ հյուրերի համար կազմակերպվել էր մատաղ եւ հյուրասիրություն։