ՋԱՎԱԽՔՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԻՆԳՈՒՄ

Ապրիլի 16- ից 20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիկ Դավիթ Կվաչաձեի անունը կրող բռնցքամարտի երրորդ մրցաշարը։

Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 80 լավագույն մարզիկներ 7 պետությունից՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Չեխիայից և Վրաստանից։

Վրաստանի կազմում Ջավախքից մասնակցում էին 5 մարզիկ՝
Մինչև 52 կգ քաշային կարգում Ստեփան Շիրինյանը
Մինչև 60 կգ քաշային կարգում Օթար Երանոսյանը և Արմեն Գրիգորյանը
Մինչև 75 կգ քաշային կարգում Արշակ Էլիզբարյանը
Մինչև 91 կգ քաշային կարգում Արտյոմ Յորդանյանը
Գլխավոր մարզիչ, Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանի և մարզիչներ Աղասի Էլիզբարյանի և Վենետիկ Ղազարյանի ուղեկցությամբ։ Մրցմանը Ջավախքից ներկա էր նաև մրցավար Արթուր Էլիզբարյանը։

Մրցման առաջին օրը Ստեփան Շիրինյանը միավորների քիչ տարբերությամբ պայքարը զիջեց Բելառուսը ներկայացնող փորձառու մարզիկին և դուրս մնաց հետագա պայքարից։

Արմեն Գրիգորյանը առաջին փուլում վստահ հաղթելով Ռուսաստանի ներկայացուցչին՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ և մրցակցեց Ուկրաինայի ներկայացուցիչ , Եվրոպայի չեմպիոն Յուրի Շեստակի հետ։ Թեժ պայքարում 3:2 հաշվով մեկ միավորի տարբերությամբ հաղթանակը շնորհվեց Ուկրաինայի մարզիկին;

60 կգ քաշային կարգի լիդեր Օթար Երանոսյանը պայքար սկսեց ¼ ից՝ հաղթելով Ռուսաստանի մյուս ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում նա վստահ հաղթանակ տարավ վրացի մարզիկին , իսկ եզրափակչում դուրս գալով Ադրբեջանցի մարզիկի դեմ՝ փայլուն հաղթանակ տարավ և 3 անգամ դարձավ մրցաշարի չեմպիոն և75 կգ քաշային կարգում հանդես եկած Արշակ Էլիզբարյանը կամային հաղթանակ տարավ չեխ բռնցքամարտիկին, սակայն մենամարտի ընթացքում լուրջ վնասվածք ստանալու պատճառով ,ցավոք, դուրս մնաց հետագա պայքարից՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Արտյոմ Յորդանյանը մինչև եզրափակիչ մրցակիցներ չունեցավ , քանի որ մեկը մյուսի հետևից հրաժարվում էին մրցակցել, իսկ ֆինալում՝ հավասար պայքարում հաղթանակը շնորհվեց ռուս փորձառու մարզիկին։

Վրաստանի թիմը մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Ջավախքի մարզիկները վերադարձան բարձր ցուցանիշներով ՝ իրենց հետ բերելով 3 մեդալ։

Այս փաստը ևս մեկ անգամ ապացույցը դարձավ այն բանի, որ Ջավախք աշխարհի բռնցքամարտիկներն ունեն իրենց ուրույն և կարևոր դերը Վրաստանում և ի զորու են դուրս գալ և հաղթել աշխարհի լավագույն մարզիկներին։

Հարկ է նշել նաև, որ մարզիկներից Օթար Երանոսյանը եւ  Արտյուշ Գոմցյանը այժմ պատրաստվում են Բելառուսիայի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպայի Օլիմիական 2-րդ խաղերին։


ՍԵՐԻՆԵ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ