Սփյուռքի նախարարության լուծարումով վերջ կդրվի նաև արտոնյալների կոռուպցիոն սխեմային. Է. Այվազյան

Aliq.ge-Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը թբիլիսահայությանը որպես սփյուռք չի դիտարկում և սխալ է համարում, որ սփյուռքի նախարարությունը զբաղվի բնիկ հայերի հետ կապերով: Նույնը՝ պոլսահայության ու թեհրանահայության դեպքում, Ջավախքի ու Համշենի դեպքում: Նշված բնակավայրերում հայերը հազարամյակներ են ապրել ու բնիկ ժողովուրդներ են համարվում: Իսկ Հայոց ցեղասպանությունից հետո առաջացած սփյուռք հասկացությունն այս համատեքստում այնքան էլ տեղ չունի:

«Մեծ ողբերգություն չեմ տեսնում սփյուռքի նախարարության լուծարման մեջ՝ առավել եւս, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ պարզաբանել է այն հարցը, որ մնացած նախարարություններն ամենքն իր բաժնով զբաղվելու են արտերկրում բնակվող հայերի հետ կապերով, եւ այդ կապերը միայն ամրապնդվելու են»:

Ավելին՝ Այվազյանը վստահ է, որ նախարարության պարզեցմամբ՝ վերանալու է նաև այն կոռուպցիոն սխեման, ըստ որի՝ որոշ «արտոնյալ» կազմակերպություններ Վրաստանում ստանում էին ինչ-որ աջակցություն, իսկ նրանք, ում նկատմամբ, օրինակ, վարչության պետը համակրանք չուներ, զրկվում էր աջակցությունից: Այսպես կոչված՝ լեզու գտնելու նախկին մեթոդն իր տեղը կզիջի արդյունավետ ու արդար համագործակցությանն ու պետական մտածողությանը:

«Ես կարող եմ նույնիսկ հստակ փաստերով խոսել այս մասին, ուղղակի չէի ցանկանա նեղացնել մեր գործընկեր կազմակերպություններին Վրաստանում, որոնք իրոք լավ գործ են անումբայց արդարության մասին պետք է խոսվի: Պետք է նաեւ ասեմ, որ այդ կազմակերպություններից շատերն են, որ հիմա ստիպված նամակներ են գրում վարչապետին՝ խնդրելով չփակել սփյուռքի նախարարությունը: Չեմ բացառում, որ նրանցից ոմանց նույնիսկ նման խնդրանքով դիմել են: Իմ ասածը ոչ մի կերպ չի վերաբերում նրանթե ես կողմ եմ կամ դեմ սփյուռքի նախարարության գոյությանը, ուղղակի ուզում եմ ասել, որ նրա որոշ բաժինները եւ վարչությունները ճիշտ չեն աշխատել եւ եթե նույնիսկ սփյուռքի նախարարությունը պահպանի իր գոյությունը, ինչը քիչ հավանական եմ համարում, ապա այն լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի»:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրենը սփյուռքի նախարարության լուծարման միակ ցավալի կողմը համարում է թերևս այն, որ տասնյակ մարդիկ այսպիսով կորցնելու են աշխատանքը: Այվազյանն «Ալիք մեդիայի» հարցին, թե ինչ կերպ էր համագործակցությունը նախարարության հետ, ասում է, որ կապ եղել է 2009 ից 2016 թվականներին.

«Իմ քաղաքական հայացքների պատճառով, որոնք անհամատեղելի էին նախորդ կաշառակեր եւ հանցավոր իշխանությունների հետ, սփյուռքի նախարարությունը կապը խզեց իմ կողմից ղեկավարվող կազմակերպության հետ, չնայած նրան, որ տվյալ նախարարությունը որպես հայկական պետության մաս պարտավոր էր աշխատել բոլոր կառույցների հետ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից: Կարող եմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո տվյալ վարչությունը չի վերականգնել կապը մեզ հետ, չնայած, որ առանց տվյալ վարչության մենք ուղիղ կերպով սկսել էինք շփվել ու համագործակցել սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ»:

Այվազյանը շեշտում է,  որ արտերկրում բնակվող հայերի հետ կապերի հարցում որակական նոր մոտեցում է պետք: Այս փուլում սա է ամենակարեւորը, ինչի վրա  անհրաժեշտ է կենտրոնանալ:

«Ալիք մեդիան» խնդրի շուրջ ավելի վաղ զրուցել էր նաև Վրաստանի հայ համայնքի վարչության անդամ Սանդրո Օհանյանի հետ։ Հոդվածն այստեղ։

 

ՀԵՂԻՆԱԿ` ԱՆՆԱ ՊԵՉԵՆԵՒՍԿԱՅԱ

Ալիք Մեդիա