Մեր հավաքը ուղղված չէր ոչ Հայաստանի կառավարության եւ ոչ էլ հեղափոխության դեմ, ուղղակի մենք ուզում ենք որպեսզի մեր խնդիրներին ուշադրություն դարձնեն. Ա. Կարսլյան

Այսօր Ջավախքի բազմաթիվ երիտասարդներ փակել էին վրաց-հայկական սահմանը եւ պահանջում էին ՀՀ իշխանություններից հանդիպում: Խնդիրը նրանում է, որ այս օրերին տասնյակ մարդիկ, ովքեր նախկինում ստացել էին ՀՀ քաղաքացիություն եւ չէին ծառայություն անցել հայկական բանակում բերման են ենթարկվում ոստիկանության կողմից: Բերման ենթարկվածների առջեւ հարց է առաջանում գնալ ծառայել կամ բանտում անցկացնել 5 տարի: Այս խնդրի շուրջ Akhaltskha.Net-ը զրուցեց Նինոծմինդայի բնակիչ Անդրանիկ Կարսլյանի հետ, ով այսօրվա սահմանի մոտ տեղի ունեցած հավաքի ակտիվ մասնակիցներից մեկն էր:

Անդրանիկ Կարսլյանի խոսքերով՝ այսօրվա հավաքի անհրաժեշտությունը առաջացել էր, քանի, որ վերջին շրջանում տասնյակ ու նույնիսկ հարյուրավոր մարդիկ բախվում են այն խնդրին, որ ստանալով ՀՀ քաղաքացիություն չեն ծառայել հայկական բանակում ու դրա  համար հիմա   խնդիրներ ունեն:  «Մեր խաղաղ հավաքի նպատակը սահմանի վրա այն էր, որ ՀՀ կառավարությունը ուշադրություն դարձնի այս հարցին: Բազմաթիվ մարդիկ են բախվում այս խնդրին եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատերը Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների մեկնելու համար են ստացել ՀՀ քաղաքացիություն եւ այսօր վախենում են Ռուսաստանից Հայաստանով վերադառնալու Ջավախք, իսկ դիմացը ամանօրյա տոներն են: Այս խնդրին պետք է շուտափույթ լուծում տալ եւ պետք է ասեմ, որ մեր հավաքը ուղղված չէր ոչ Հայաստանի կառավարության դեմ եւ ոչ էլ թավշյա հեղափոխության դեմ, այլ ճիշտ հակառակը՝ մենք աջակից ենք եղել հեղափոխության, ուղղակի տվյալ հարցը չափազանց կարեւոր խնդիր է ջավախքցիների համար եւ մենք ստիպված այսօր հավաքվել էին ՀՀ սահմանի մոտ»,-ասում է Անդրանիկ Կարսլայնը:

 

Նա նաեւ տեղեկացրեց, որ ձեւավորվել է հինգ հոգանոց խումբ եւ վաղը նրանք հանդիպելու են ՀՀ կառավարության եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ: Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակի լուծման համար հնարավոր է նաեւ հանդիպում տեղի ունենա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:

Էդուարդ Այվազյան