Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգումը ավարտին հասցնելու համար գումար է հարկավոր

Ախալցխայի Սբ. Գիրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոտ երկու ամիս է, ինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքները ընթանում են բարերարների ու հասարակ հավատավոր ժողովրդի օժանդակությունների հաշվին:

«Ներկա պահին իրականացնում ենք եկեղեցու ներսի պատերը ուղղելու եւ եկեղեցու սյուների վերանորոգման աշխատանքներ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները շարունակելու համար հարկավոր է բարերարների աջակցությունը, ինչի շնորհիվ մենք նախատեսում ենք եկեղեցու խորանը եւ Սուրբ Սեղանը լիովին վերանորոգել եւ մարմարով սալապատել: Դրանից բացի, նախատեսվում է եկեղեցու մուտքի մոտ զանգագատուն կառուցել, որը ավելի մեծ ծրագիր է քան ներքին վերանորոգման աշխատանքները»,-Akhaltskha.Net-ի հետ զրույցում ասաց Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը:

Եկեղեցու ներսում վերանորոգման աշխատանքները ավարտելուց հետո ծրագիր կա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում հիմնովի վերանորոգել «մատաղատուն» կոչվող շինությունը եւ այն ընդլայնելով դարձնել եկեղեցուն կից մշակույթի տուն եւ տեսչության ընդունարան:

«Եկեղեցու բակում տարածքը լիովին բավարարում է նոր շինություն կառուցելու համար, որը ծառայելու է որպես մշակույթի տուն եւ Ախալցխայի հոգեւոր տեսչության գրասենյակ»,-ասում է Ախալցխայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ տեր Թորգոմ քահանա Վարդանյանը ավելացնելով, որ այն եկեղեցու վերանորոգման ծրագրի կարեւոր կետերից մեկն է համարվում:

Դրանից բացի շինարարական ծրագրի համաձայն՝ նոր գեղեցիկ տեսք է ստանալու նաեւ եկեղեցու մուտքի պարիսպը: Եւ այս բոլոր ծրագրերի իրականացման համար հարկավոր է գտնել բարերարներ, որոնց շնորհիվ թղթի վրա կազմված գեղեցիկ ծրագրերը կյանքի կկոչվեն իրական կյանքում: