ՀԱՊԿ. Երեւանը պատռեց «շաբլոնը»

«Ամբողջական ազգեր կմեռնեին ամոթից, եթե իմանային, թե ինչ ստորաքարշ մարդիկ են նրանց ղեկավարում»։

Երեք ռեժիմների օրոք Ֆրանսիայի արտգործնախարար Շարլ Մորիս դը Թալեյրան, 1815թ. Վիեննայի Կոնգրեսից հետո

Aravot.am-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մեր «դաշնակիցների» եւ մեր «ռազմավարական» դաշնակից-դարավոր բարեկամի» ձեռամբ վերածվեց մի «հայոց հարցի»՝ բառիս ամենալայն իմաստով։ Մեծ գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունը վաղուց է ի ցույց դրել իր անկենսունակությունը որպես ռազմական դաշինք, քանզի եթե տեսականորեն հանես այդտեղից Ռուսաստանին, ապա մնացած երկրներն այնտեղ ընդհանուր բան չեն անվտանգության առումով՝ բացառությամբ Կենտրոնական Ասիայի երկրների, որոնք գոնե իրար հարեւաններ են։

Գաղտնիք չէ նաեւ, որ այդ կազմակերպությունն իրականում ընդհանուր արժեքներ էլ չունի, ավելի ճիշտ՝ այն, ինչ այդտեղ կոչում են «արժեք», ինչ-որ բան արժե փաստացի ցմահ կամ մինչեւ ներքին ֆորս-մաժոր ղեկավարելու ձգտող բռնապետների համար, որոնց միավորում են վախերը՝ ապագայից, երիտասարդներից, հեղափոխություններից, Սորոսից, Ֆեյսբուքից, ազատ խոսքից, ազատ մամուլից, ազատ ընտրություններից, ընդդիմությունից, իրենց իշխանության ծանրությունից։ Այս կազմակերպության ղեկավար փաստաթղթերում անդամ-երկրների գլխավոր սպառնալիքների շարքում ահաբեկչությունը եւ հեղափոխությունը թվարկվում են նույն նախադասության մեջ։

Սակայն երբ գործը հասնում է իրական սպառնալիքին, ապա մեր բոլոր «դաշնակիցները» վերածվում են հայտնի ճապոնական «երեք կապիկների»՝ ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, ոչինչ չեն խոսում։ Կամ էլ՝ նրանցից մեկը սկսում է մեջբերել Ալիեւի նամակը, մյուսը՝ Ալիեւի դեսպանին երկար-բարակ պատմում է, թե ինչ է խոսվել այդ «դաշինքում»՝ գանգատվելով Հայաստանի «խառնաշփոթից», իսկ ամենակարեւորը՝ «դարավորը», «միակը» գանգատվում է Բոլթոնի այցից, մեզ «պաշտպանում» նրա «միջամտությունից», բայց հրաժարվում է «հասկանալ», որ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցը տեխնիկական է, ջենթլմենական պայմանավորվածությունները պետք է պահպանել, եւ այնուհետեւ շարունակում «չհասկանալ», թե իր «դաշնակիցներն» ինչ վակխանալիա են դարձնում տարրական լուծման ենթակա հարցը։ Դրան գումարած՝ այդ «դաշինքը» նույնիսկ իրավաբանորեն էլ դաշինքի չի ձգում, քանզի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համարժեքը բացակայում է։

Այսինքն՝ հարձակումը դաշնակիցներից մեկի նկատմամբ չի համարվում հարձակում բոլորի նկատմամբ։ Ասվել է, կրկնենք. նույնիսկ ԽՍՀՄ տարիների Վարշավյան պայմանագիրն ուներ ՆԱՏՕ-ի պայմանագրի այդ հոդվածի համարժեքը՝ դա չորրորդ հոդվածն էր։ Այսինքն՝ եթե, ասենք, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի Տավուշի մարզը, ապա դրանից չի բխում, որ հրետակոծվում է, ասենք, Ադրբեջանի դեսպանին Հայաստանի չեղած «դարդերը» պատմող Լուկաշենկոյի Բելառուսը կամ «նաշ տովարիշչ» Ալիեւի նամակների սիրահար Նազարբաեւի Ղազախստանը։ Եվ այս գավառական կրկեսը տարիներով շարունակվում էր՝ անկապ «խոսք ու զրույցի» ռեժիմով, եւ դեռ որոշ ժամանակ էլ կշարունակվեր, մինչեւ թույլ օղակի օրենքով՝ իրավիճակը չպայթեց ապրիլին Հայաստանում։

Մի օր պարզ դարձավ, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարը կարող է մեղադրվել ծանր հանցագործության մեջ եւ նույնիսկ բերման ենթարկվել, ձերբակալվել, այնուհետեւ գրավով ազատ արձակվել։ Կան մարդիկ, որոնք կշտամբում են Հայաստանի իշխանություններին եւ մեղադրում, որ գործող գլխավոր քարտուղարին չարժեր ձերբակալել, քանզի «դա վարկաբեկում է ՀԱՊԿ-ը»։ Սակայն, դատելով մեր «դաշնակիցների» վարքից, հարց է առաջանում՝ եթե պարոն Խաչատուրովի քրեական հետապնդումն անցկացվեր «ամենաստերիլ» եղանակով, այսինքն՝ Հայաստանը նրան պաշտոնապես հետ կանչեր, նոր մեղադրանք առաջադրվեր, դրանից հետո Լուկաշենկոն Հայաստանի կողմից առաջադրված նոր թեկնածուին գրկաբաց ընդունելո՞ւ էր, իսկ պարոն Նազարբաեւը հրապարակայնորեն պատռելու էր Ալիեւի հերթական նամակը եւ հրավիրատո՞մս էր ուղարկելու Երեւան։

Թե՞ «բիզնեսմեն» Բորդյուժայի նախկին տեղակալ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, «չեզոք» Պուտինի ներկայացուցիչ պարոն Սեմերիկովն էր մի իմաստուն հայտարարություն հրապարակելու, որտեղ Երեւանի դիրքորոշումը համարելու էր ոչ թե խնդրահարույց «էֆեկտիվության տեսակետից», այլ, ասենք, շնորհակալություն էր հայտնելու։ Իհարկե, հազիվ թե։ Մանավանդ, եթե հիշենք, թե ինչպես էր Հայաստանը մնացել միայնակ Քառօրյա պատերազմի օրերին, նույնիսկ Երեւանում վարչապետների հավաքը շատ համարեցին, իսկ Մոսկվան էլ տեղափոխեց ԵԱՏՄ հավաքն իր մոտ, որ հանկարծ «կազմակերպության հեղինակությունը չտուժի»։ Երեւանն ուղղակի պատռեց «շաբլոնը»՝ հանկարծակիի բերելով ծերացող հետխորհրդային բռնապետներին, խախտելով նրանց մայրամուտի անդորրը։ Երեւանը «երկու ոտքը դրել է մեկ կոշիկում» եւ պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ սահմանված ժամկետը պետք է պահպանի Հայաստանը, եւ այդ իրավունքը տրված է Հայաստանին, այլ ոչ թե Խաչատուրովին։

Այլեւս չեն լինելու խղճուկ հոգոցները, «մեր դաշնակցի բիզնեսը», անիմաստ եւ անտեղի, Զիմզիմովի հանգույն՝ «թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Պուտին»-ը, անիմաստ մեդալ տալ-առնելը։

Պետք է ենթադրել, որ Երեւանը կոնսենսուս չի ստանա, եւ իր հերթին կոնսենսուս չի ապահովի Բելառուսի ներկայացուցչի համար, պաշտոնը կմնա պաշտոնակատար Սեմերիկովին։ Եվ Մոսկվան դրա հետ կապված ոչ թե մտահոգություն կհայտնի Մինսկին եւ Աստանային եւ ոչ էլ կմեղադրի նրանց «ՀԱՊԿ հեղինակությունը խաթարելու», ջենթլմենական պայմանավորվածությունները խախտելու մեջ, այլ իր պրոպագանդան կարձակի Հայաստանի ուղղությամբ՝ «անկախ», «Կովկասի եւ Հայաստանի մասնագետների» եւ այլ «փորձագետների» շուրթերով «մտահոգությունները» եւ հերթական լուտանքները թափելով Երեւանի հասցեին, իսկ Կրեմլը ուղղակի կլռի։

Այնպես, ինչպես ս.թ. ապրիլին-մայիսին։ Դա լավագույն դեպքում… դիմացը ձմեռ է։ Այո, Ազատությունը եւ Անկախությունը գին ունեն, հեշտ չի լինելու։ Բայց հետդարձի ճանապարհ էլ չկա եւ չի լինելու։ Անխուսափելիորեն գալիս է վճռական մենակի ժամանակը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» 20.11.2018