Ախալցխայի նորընտիր քաղաքային խորհուրդը ընտրել է նախագահ եւ փոխնախագահ

Ախալցխայի վարչական շենքում այսօր տեղի ունեցավ քաղաքային խորհրդի առաջին նիստը:  Քաղաքային խորհրդի 33 անդամներից նիստին մասնակցում էին միայն  31-ը: Քաղաքային խորհրդի օրակարգում էր՝ ընտրել սակրեբուլոյի նախագահին եւ փոխնախագահին։ Քաղաքային պատգամավորներից 27-ը քվեարկեցին  Գելա Նոզաձեի եւ Իոսիբ  Կապանաձեի օգտին: Գելա Նոզաձեն ընտրվեց Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ, իսկ Իոսիբ  Կապանաձեն ընտրվեց նրա տեղակալ։ Ընտրության ժամանակ երկու քվեաթերթիկը չեղյալ համարվեց, իսկ երկուսն էլ չքվեարկեցին, ոչ նախագահի, ոչ էլ փոխնախագահի օգտին:

«Շնորհակալ եմ ինձ վստահելու համար, հույս ունեմ, որ մեր աշխատանքը արդյունավետ կլինի եւ հետագայում մենք քաղաքապետ Զազա Մելիքիձեի հետ միասին 4 տարվա ընթացքում բարձր արդյունքների կհասնենք,»- հանդիպման ժամանակ ասաց Գելա Նոզաձեն:

Գելա Նոզաձեն մինչ այսօր քաղաքային խոհրդի փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում: Նա ծնվել է 1962 թվականին: Կրթություն  ստացել է պոլիտեխնիկական ինստիտուտում  1984-1987թթ տարիներին: 1992 եւ 2014 թթ. աշխատել է ռազմական կոմիսարիատում: Նա նաեւ 1992թ․ աշխատել է Կլդե գյուղի համայնքի խորհրդում:

Կապանաձեն, ինչպես Նոզաձեն, Ախալցխայի համայնքային խորհրդի նախկին անդամ էր: Նա ծնվել է 1980 թվականին: Իրավաբանական կրթություն ստացել է  Թբիլիսիի պետական համալսարանում: Աշխատանքն սկսել է Սամցխե-Ջավախքի  մարզպետարանում: Երկու տարի աշխատանքից հետո աշխատել է Էլիածմինդայի շրջանային վարչությունում իսկ դրանից հետո  ընտրվել է Ախալցխայի խորհրդի պատգամավոր:

Akhaltskha.Net