Դեռ 10 տարի առաջ Սամցխե-Ջավախքը ապրում էր տեղեկատվական ծարավի պայմաններում: Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների մասին մարդիկ լսում էին շաբաթներ ու անգամ ամիսներ անց: Այդ իրողության պայմաններում 2008թ. ստեղծվեց  Ախալցխա քաղաքի միակ լրատվամիջոցը akhaltskha.net-ը: Կայքը սկզբնական շրջանում գործում եր սիրողական մակարդակով, որին մասնագիտական օգնություն էին ցուցաբերում Հայաստանում աշխատող ծնունդով ջավախքցի լրագրողները եւ բլոգերները:  Տարիներ անց կայքի առաջընթացին եւ զարգացմանը նպաստելու գործում մեծ դերակատարություն ունեցավ սփյուռքի նախարարությունը նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ:

Չսահմանափակվելով միայն Ախալցխա քաղաքի վրա, նույն մարդկանց կողմից որոշում ընդունվեց ստեղծել javakhkmedia.com կայքը, որը ունեցավ երեւանյան եւ ջավախքյան խմբագրություն: Javakhkmedia.com կայքի ստեղծումը եւս նպաստեց Սամցխե-Ջավախքի տեղեկատվական քաղցի վերացմանը:

Ի տարբերություն Ախալցխայում գործող միակ հայկական լրատվամիջոց  akhaltskha.net-ի, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում բարեբախտաբար գրանտային եւ այլ միջոցների շնորհիվ գործում են եւս մի քանի լրատվամիջոցներ, որոնք միմյանց լրացնելով տարբեր տեսակի տեղեկատվություն են տրամադրում Ջավախք աշխարհից:

Սակայն, Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը կայանում է նրանում, որ Ջավախքի, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի մեր հայրենակիցները ոչ միայն ստանան լիարժեք տեղեկատվություն Սամցխե-Ջավախք շրջանից, այլ ճիշտ տեղեկացված լինեն շրջանում առկա իրավիճակով  եւ մարտահրավերներով: Դրանից բացի ոչ պակաս կարեւոր է, որ տեղի հայ ազգաբնակչությունը  լրատվական անկանոն հոսքի պայմաններում ճիշտ պատկերացում ունենա տեղում առկա խնդիրներից, ինչպես նաեւ համահայկական նշանակություն ունեցող հարցերից:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը որպես նորաստեղծ կազմակերպություն ներկա պարագայում չունի հսկայական միջոցներ եւ գրանտային ծրագրեր, սակայն ունի ազգային գաղափարախոսություն եւ կամք, որի շնորհիվ պատրաստ է ծառայելու իր ժողովրդին հանուն ավելի լավ ապագայի:

Ոչ թե դրսից, այլ տեղում արվող վերլուծությունների, հայտարարությունների եւ տարբեր հանդիպումների միջոցով  կազմակերպությունը նպաստելու է Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանությանը եւ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանը:

Կազմակերպության հիմնական նպատակն է Սամցխե-Ջավախքում քաղաքականապես հասուն եւ ազգային արժեքների վրա հիմնված հասարակության ձեւավորումը:

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն