Հոկտեմբերի 30-ին Ախալցխայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլում իրար են հանդիպելու «Վրացական երազանք»-ի պատգամավորի թեկնածու Գիորգի Կոպաձեն եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորի թեկնածու Վաժա Չիտաշվիլին: Ախալցխայի հայության ձայնը որոշիչ դեր է խաղալու այս ընտրությունների ժամանակ եւ այդ իսկ պատճառով կարիք կա անդրադառնալ մի քանի կարեւոր փաստերի:

Այն, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ֆինանսավորվում Է ադրբեջանական SOCAR ընկերության կողմից շատերի մոտ կասկած չի առաջացնում: Այն, որ Մառնեուլի շրջանի ադրբեջանցիները ամեն գնով ցանկանում են անցկացնել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուին անգամ սադրանքների ու խառնաշփոթությունների գնով դա էլ ճչացող փաստ է այն վարկածի օգտին, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը բացահայտ ադրբեջանամետ եւ թուրքամետ է:

Կարիք կա հիշելու Միխեիլ Սահակաշվիլու նախագահության վերջին օրերը երբ նա քաղաքացիություն շնորհեց բազմաթիվ թուրքերի: Եւ վերջապես այն, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության օրոք Սամցխե-Ջավախքում ձերբակալվեցին բազմաթիվ հայ ակտիվիստներ ու հասարակական գործիչները, շրջանը վերածվեց անվտանգության մարմինների անօրինականությունների օջախի, ինչի ազդեցությունը մինչեւ օրս զգացվում է:

Սամցխե-Ջավախքի հայության բոլոր խնդիրները ժառանգություն են մնացել նախկին իշխանությունների հակահայ քաղաքականությունից եւ կարիք կա մեծ ջանքեր գործադրելու, որպեսզի նոր իշխանությունները ուղղեն նախորդների սխալները:

Այդ ուղղությամբ այսօր իսկ մեծ աշխատանք են տանում Ախալցխայի հայկական կազմակերպությունները, մտավորականությունը ու ընդհանրապես շրջանում դիրք ու ազդեցություն ունեցող հայ մարդիկ: Ներկա դրությամբ «Վրացական երազանք» կուսակցության մաժորիտար պատգամավորի թեկնածու Գիորգի Կոպաձեն բազմաթիվ անգամ Ախալցխայի հայ ազգաբնակչությանը ցուցաբերել է իր պատրաստականությունը լսելու իրենց հուզող խնդիրները:

Այսօր արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել իշխող կուսակցության պատգամավորի թեկնածույի հետ իր ընտրվելու դեպքում պարբերաբար հավաքվել եւ քննարկել բոլոր կնճռոտ հարցերը, որոնք հուզում են շրջանի հայությանը:

Նման քաղաքական մշակույթը իշխանությունների եւ հայերի միջեւ հավասար պայմաններում լսելու միմյանց Ախալցխայում նոր է ձեւավորվում, ինչը եզակի է իր բնույթով ամբողջ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի համար: Ունենալով թեթեւ լավատեսություն պետք է մեր վճռական ձայնով աջակցենք «Վրացական երազանք»-ի պատգամավորի մաժորիտար թեկնածու Գիորգի Կոպաձեյին եւ նույն ժամանակ մեր բացասական դիրքորոշումը հայտնենք «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը իր ադրբեջանամետ եւ նույն ժամանակ հակահայ քաղաքականության համար:

Պետք է ի վերջո սովորենք, որ մեր ձայնը որոշիչ է եւ պետք է բոլոր քաղաքական ուժերը մեր հետ հաշվի նստեն ի շահ հայ ժողովրդի եւ վրաց պետականության:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2016-10-28

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։